ՄԱԿ-ի փորձագետները պահանջել են, որ ԱՄԷ-ն տեղեկություն տրամադրի Դուբայի կառավարչի դստեր մասին եւ ազատ արձակի նրան, հայտնում է Reuters-ը:
Մոտ երկու ամիս առաջ BBC-ն ցուցադրել էր մի տեսանյութ, որում արքայադուստր Լատիֆան հայտարարել էր, թե իրեն պատանդ են պահում առանձնատանը:
Այն բանից հետո, երբ Լատիֆայի ճակատագրի հետ կապված միջազգային մտահոգությունների պայմաններում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը՝ Միշել Բաչելենի գլխավորությամբ, ԱՄԷ-ից ապացույց էր խնդրել, որ նա ողջ է` փետրվարի 19-ին ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել էին, որ շեյխուհի Լաթիֆան տանն է եւ նրա մասին հոգ են տանում:
«Էմիրությունների իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ նրա մասին «տանը հոգ են տանում», այս փուլում բավարար չէ»,- ասել են փորձագետները: Նրանք կնոջ ապրելու պայմանների «անկախ ստուգման եւ նրան անհապաղ ազատ արձակելու» կոչ են արել։
35-ամյա Լատիֆայի ճակատագիրը եւ նրա բուռն հարաբերությունները հոր՝ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումի հետ, ով նաեւ ԱՄԷ փոխնախագահն է, նոր լույս են սփռել նրա ընտանիքի գործերի վրա:
Շեյխուհի Լատիֆան միջազգային ուշադրությունը գրավել էր 2018-ին, երբ իրավապաշտպան խումբը հրապարակել էր տեսանյութ, որում նա պատմում էր Դուբայից փախչելու իր փորձի մասին: Հատուկ նշանակության գործողությամբ նրան բռնել էին Հնդկաստանի ափերի մոտ եւ հետ էին տարել Դուբայ:
ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել ԱՄԷ-ի կառավարությանը՝ կապված Լատիֆայի «ենթադրյալ բռնի անհետացման եւ առանց արտաքին աշխարհի հետ կապի կալանավորելու» կապակցությամբ:
«Առանց արտաքին կապի կալանքի տակ պահելը կարող է կործանարար ֆիզիկական եւ հոգեբանական հետեւանքներ ունենալ եւ կարող է հավասարազոր լինել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,- ասել են նրանք:



























