ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շենախը Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել հայ ռազմագերիների հարցի շուրջ սակարկություններից եւ պարզապես ազատ արձակել նրանց:
Նա նշել է, որ խոսում է իր պատվիրակության անունից, այլ ոչ թե որպես Ադրբեջանի հարցով զեկուցող: «Մենք պետք է հարգենք խաղաղությունը, իսկ խաղաղությունը ենթադրում է հաշտություն եւ հարգանք մարտերում ընկածների նկատմամբ: Անհետ կորածներ կան, հսկայական քանակությամբ (հայ) զինվորներ կան, որոնք շարունակում են Ադրբեջանում մնալ գերության մեջ... Արյունալի պատերազմից հետո, որում մարդիկ զոհվեցին, կարեւոր է հարգանք ցուցաբերել եւ սկսել աշխատանքը հաշտեցման ուղղությամբ: Ես ուզում եմ կոչով դիմել Ադրբեջանին՝ եկեք չսակարկենք այն մասին, թե երբ հայ զինծառայողները (գերեվարվեցին)՝ զինադադարի կնքումից առաջ կամ հետո, նրանց պարզապես պետք է թողնել տուն գնան»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կան ռազմական հանցագործությունների մեղադրանքներ եւ այդ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու համար կան միջազգային մարմիններ, որոնք պետք է հետաքննեն նման հանցագործությունները: «Բայց դուք պարզապես պետք է թույլ տաք, որ բոլորը գնան տուն: Մեզ հաշտեցում եւ հարգանք է պետք, պետք է վերջ դնել պատերազմի արատավոր շրջանին: Եթե կողմերը փորձեն խաբել միմյանց, դա հիմք չի ստեղծի բարիդրացիական հարաբերությունների համար»:





























