Իրանն ամենօրյա սպառնալիք է ներկայացնում է ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքում նրա դաշնակիցների համար, քանի որ տարածաշրջանում Ամերիկայի ռազմական գերակայությունը թուլանում է, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ֆրենկ Մաքենզին:

«Իրանի աջակցությամբ Եմենի հութիների ուժերը հունվարից բալիստիկ հրթիռների, ցամաքային թեւավոր հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ավելի քան 150 հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում ռազմական ենթակառուցվածքներին եւ քաղաքացիական օբյեկտներին»,- Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովին ասել է Մաքենզին։

Մերձավոր Արեւելքը «եղել եւ միշտ կլինի գլոբալ շահերի խաչմերուկ եւ պատմականորեն այն հիմնական ասպարեզը, որտեղ արտաքին ուժերը պայքարել են ազդեցության, ռեսուրսների եւ հասանելիության համար»,- ասել է Մաքենզին: Գեներալն ընդգծել է տարածաշրջանում Չինաստանի եւ մասնավորապես Ռուսաստանի աճող ներկայությունը:

«Երկու երկրներն էլ օգտագործում են իրենց հարեւանությունը տարածաշրջանին, պատմական կապերը եւ ԱՄՆ-ի ակտիվության ենթադրյալ նվազումը` պատեհապաշտական հարաբերություններ հաստատելու եւ ամրապնդելու համար»,- ասել է Մաքենզին: «Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար սփոյլերի դեր է խաղում՝ օգտագործելով գորշ գոտում ռազմական միջոցները, ազդեցության գործողությունները՝ ԱՄՆ-ի վրա ազդելու համար»,- ասել է նա: Չինաստանն, ընդհակառակը, «հիմնականում տնտեսական միջոցներ է օգտագործում տարածաշրջանային ճանապարհներ ստեղծելու համար, որոնք իրենց ռազմական ներկայությունը ապահովելու երկարաժամկետ նպատակ ունեն` կենսական էներգիայի մատակարարում եւ առեւտրային ուղիներ ստեղծելու համար»:

Մաքենզին նախազգուշացրել է, որ Իրանի կողմից հսկողության եւ հարձակման նպատակով փոքր եւ միջին անօդաչու թռչող սարքերի լայնածավալ օգտագործումը նշանակում է, որ «Կորեական պատերազմից հետո առաջին անգամ մենք գործում ենք առանց օդում լիարժեք առավելության»: «Քանի դեռ մենք չենք կարող ԱԹՍ-ները հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար ցանցային հնարավորություններ մշակել ու ներդնել, առավելություն կունենա չարագործը»,- ասել է նա: