Իրանի դատարանը նշանակել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացիների լսումները հուլիսի 31-ին: Այդ մասին հայտնել է France24 հեռուստաալիքը` վկայակոչելով մեղադրյալներից մեկի փաստաբանին: Ավելի վաղ դատաքննության օրը բազմիցս հետաձգվել էր:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԱՄՆ երեք երիտասարդ քաղաքացիներ` Շեյն Բաուերը, Սառա Շուրդը եւ Ջոշուա Ֆեթթելը ձերբակալվել էին Իրանի եւ Իրաքի սահմանին 2009թ. հուլիսի 30-ին: Նրանց մեղադրել էին սահմանի ապօրինի հատման եւ լրտեսության մեջ: Ձերբակալվածների խոսքով, իրենք պատահաբար են հատել սահմանը եւ մոլորվել են:

28-ամյա Բաուերն ու Ֆեթթելն առ այսօր գտնվում են իրանական քննչական մեկուսարանում: 32-ամյա Սառա Շուրդը 2010թ. սեպտեմբերին 500 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, եւ նրան դատելու են հեռակա:

Մայիսի 19-ին երիտասարդների մայրերը հացադուլ էին հայտարարել, որպեսզի միջազգային հանրության ուշադրություն հրավիրեն իրենց որդիների ճակատագրի վրա: