Հայաստանի տնտեսությունը կտրուկ վերականգնվում է: Այս մասին ապրիլի 22-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մարտին տնտեսական աճն, իր հաշվարկներով, 7-7.5 տոկոս կկազմի: «Մենք բազմաթիվ ներդրողներ եւ տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ ունենք: Այս պահին մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ ծրագիր կա, որը վերաբերում է Գյումրիի «Կումայրի» կենտրոնին»,- հավաստիացրեց նախարարը:

Լրագրողները նրան հիշեցրին, որ այդ ծրագրի նախաձեռնողը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր, ինչին Քերոբյանը պատասխանեց, որ կառավարությունը տարբեր ծրագրեր ունի:

«Մենք չենք կարծում, որ ամենախելացին ենք, եւ եթե լինեն ողջամիտ ծրագրեր, մենք դրանք կիրականացնենք»,- խոստովանեց էկոնոմիկայի նախարարության ղեկավարը: