Ես չեմ լսել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած լինի գնաճի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 22-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նաեւ արձագանքեց լրագրողների այն մեկնաբանությանը, թե կառավարության նիստին Փաշինյանը մտահոգություն է հայտնել երկրում գնաճային գործընթացների առկայության կապակցությամբ: «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է իր համար հաց գնել»,- նկատեց իր սկանդալային հայտարարություններով հայտնի Քերոբյանը:

Այնուհետև նախարարը նշեց, որ իրենք ընդունում են, որ շարքային քաղաքացու դիրքորոշման տեսանկյունից  խնդիր կա, եւ «նույն ցավն» են ապրում, ինչ հանրապետության շարքային բնակիչը: «Գնաճն անխուսափելի է: Այն կա գրեթե բոլոր երկրներում»,- շեշտեց Քերոբյանը` պնդելով, որ Հայաստանում աշխատավարձերն աճել են միջինում 10 տոկոսով, ինչն էապես գերազանցում է գնաճի ցուցանիշները:

Այս հայտարարությունը տարակուսանք առաջացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում, սակայն նրանց չհաջողվեց համոզել նախարարին հակառակում: Նա, լրագրողների առարկությանն ի պատասխան, ապացույցներ պահանջեց: Նրա խոսքով՝ իրեն հասանելի թվերն ու տվյալները վկայում են հակառակի մասին: