ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ արել հավաքական գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ասելով, որ համաշխարհային հանրությունն այլ ընտրություն չունի, քան գործել «մեր ժամանակի էքզիստենցիալ ճգնաժամին» դիմակայելու համար:
«Ոչ մի երկիր չի կարող միայնակ լուծել այս ճգնաժամը»,- ասել է Բայդենը` բացելով աշխարհի 40 առաջնորդների մասնակցությամբ կլիմայի հարցով գլոբալ գագաթաժողովը:
«Մենք բոլորս, հատկապես նրանք, ովքեր ներկայացնում են աշխարհի խոշորագույն տնտեսությունները, պետք է գործենք: Դա բարոյական պարտք է, տնտեսական հրամայական: Վտանգի պահ է, բայց նաեւ արտակարգ հնարավորությունների պահ է»,- շարունակել է Բայդենը: «Ժամանակը քիչ է, բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել, եւ հավատում եմ, որ կանենք դա: Մենք իսկապես ընտրություն չունենք, մենք պետք է անենք դա»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք հետեւել են իր վարչակազմի օրինակին եւ ներդրումներ են կատարել կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համար, իրենց տնտեսությունները կդարձնեն «ավելի դիմացկուն եւ մրցունակ»՝ այդպիսով օգուտներ քաղելով ապագայում:
Բայդենի վարչակազմը խոստացել է մինչեւ 2030 թվականը 50-52%-ով կրճատել ԱՄՆ-ի ջերմոցային գազերի արտանետումները՝ նոր նպատակ, որը, ինչպես նա հուսով է, բարձր արտանետումներ ունեցող այլ երկրներին կդրդի ավելացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի իրենց հավակնությունները:



























