Ես չեմ ասոցացվում «Իմ քայլից» հեռացած անկախ պատգամավորների խմբի հետ, ես հայտարարություն եմ տարածել, որ գործունեությունը պետք է շարունակեմ գործադիրում, իսկ թե որ ոլորոտւմ, երբ որոշումը կլինի կհանրայնացվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավորի մանդատը վայր դրած Նարեկ Մկրտչյանը:

Հարցին, թե արդյոք գործադիր գնալով ինքն իր վրա չի վերցնում նաեւ պատասխանատվությունն այն ամենի, ինչը եղավ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, Նարեկ Մկրտչյանը պատասխանեց. «Որեւէ իշխանության՝ լինի ներկա, նախկին, ապագա, շարունակականությունը կախված է ժողովրդի ցանկությունից: Եթե ժողովուրդը ցանկանում է որեւէ իշխանություն տեսնել որպես իր իշխանություն, ապա այդ իշխանությունը այդ ժամանակ պետք է շարունակի: Եթե կլինի հանրային պահանջ, դժգոհություն իշխանությունից, ապա այդ իշխանությունը պետք է հեռանա»:

Դիտարկմանը, որ Սյունիքում երեւաց այդ դժգոհությունը, նա արձագանքեց. «Դա չի կարելի համարել հանրային պահանջ, բոլորին հայտնի է, թե այ խմբակը ում կողմից էր ուղղորդվում, նախկինում ինչ գործընթացների մեջ են ներգրավված եղել: Երբ այդ սադրիչները չկային, ժողովուրդը շատ պարզ, հանգիստ շփվում էր: Եթե մարդը բողոք ուներ արտահայտելու, հանգիստ կարող էր մոտենալ, ասել: Ինձ համար ցավալի էր, որ երիտասարդ աղջիկները գնացել եւ լուսաբանում էին հայհոյանքը: Ես այնտեղ մարդիկ գիտեմ, որ ներկայացնում են կոնկրետ քաղաքական ուժի, կոնկրետ շրջանակների»:

Դիտարկմանը, որ սյունեցիները հայրենիք, հող, տուն են կորցրել, Նարեկ Մկրտչյանն ասաց. «Շատ քիչ մարդիկ կլինեն, որ ինձնից շատ շփված կլինեն պատերազմի արդյունքում մեծ կորուստ ունեցած մարդկանց հետ: Բանական մարդը կոնստրուկտիվ շրջանակներում կարողանում է եւ քննարկել, եւ քննադատել: Իշխանությունը միշտ էլ պատրաստ է լսել քննադատություն, ընդունել իր սխալներըիսկ ո՞վ է ասում, որ իշխանությունը չի ընդունում իր սխալները, ներողություն չի խնդրում: Հայտարարվել է ընտրություն, այդ օրը թող քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը հայտնեն»: