Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կրիտիկական է անվանել կորոնավիրուսի համավարակի շուրջ իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեզ մոտ գնալով շատանում են ավելի վարակիչ եւ ավելի վտանգավոր տարբերակները [կորոնավիրուսի]: Իրավիճակը կրիտիկական է»,-ուրբաթ հայտարարել է նա: Թրյուդոյի խոսքով՝ վերջին ասմում վարակվելու օրական ցուցանիշը կրկնապատկվել է՝ հասնելով 8,6 հազարի: Այդ առնչությամբ Թրյուդոն կոչ է արել հայրենակիցներին շարունակել հետեւել քովիդային կանոններին եւ առանց խիստ անհրաժեշտության չլքել իրենց տները:
Կանադայի առողջապահության նախարարությունը համարում է, որ հյուսիսամերիկյան երկրում նոր կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքն է: Ավելի վաղ այդ կապակցությամբ Կանադայի բազմաթիվ տարածաշրջաններ զգալիորեն խստացրել են գործող սահմանափակումները:
Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Կանադայում մեկնարկել է բնակչության պատվաստումը: Ներկայում երկրում հասանելի են Pfizer, Moderna, Johnson & Johnson եւ AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերը: Պատվաստվել է արդեն 10 միլիոն մարդ (երկրի բնակչության 26,5 տոկոսը):





























