Թուրքիան հույսեր է կապում Կատարի ներդրումների հետ՝ Akıncı Tiha անօդաչուների նախագիծը մշակելու եւ շահագործման հանձնելու համար: Ինչպես հայտնում է The Arab Weekly-ն, հղում անելով թուրքական լավատեղյակ աղբյուրին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերական ընկերության ղեկավար Իսմայիլ Դեմիրի չհայտարարված այցը Կատար այս երկրից ֆինանսավորում ստանալու փորձերի նպատակ է ունեցել։

«Դեմիրը ներկայացրել է նոր նախագծի մանրամասները, որն իրենից ներկայացնում է համեմատաբար մեծ բազմաթիրախային անօդաչու թռչող սարք է (UAV), որը Թուրքիան վերածում է տարբեր զենքերով մի տեսակ «ինքնաթիռ-տանկի»»,- գրում է թերթը:

Նա հանդիպել է Կատարի ԳՇ ղեկավար Գանեմ բին Շահին ալ Գանեմի հետ եւ քննարկել է անուղղակի ֆինանսավորման սխեման՝ Akncı Tiha մի շարք անօդաչու սարքերի գնման միջոցով, որոնք Defense Industries Corporation-ն արդեն սկսել է փորձարկել:

Կատարի աղբյուրները նշում են, որ երկու կողմերն էլ խոսել են «Կատարի զինված ուժերի եւ թուրքական ընկերության համագործակցության հեռանկարների, ինչպես նաեւ այդ կապերն ամրապնդելու եւ զարգացնելու ուղիների մասին»: Ըստ թուրքական աղբյուրի՝ վերադառնալուն պես Դեմիրը տարբեր տեսակի տեղական սարքավորումներ փորձարկելու եւ Կատարից ֆինանսավորումն ապահովելու նախագիծը արագորեն սկսելու հրահանգներ է տվել:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կորպորացիան ռազմական արտադրության խոշոր հաստատություն է, որը գտնվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական վերահսկողության ներքո:

Ընկերությունը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է ինտելեկտուալ սարքավորումները նոր ԱԹՍ-ի վրա եւ աշխատում է MIM-T-ի զինամթերքներ մշակելու, նրանց մարտագլխիկների արդյունավետությունը բարելավելու եւ հեռահարությունը մեծացնելու ուղղությամբ: