Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը՝ կորոնավիրուսով վարակման եւ մահացությունների աճող նոր ալիքը կասեցնելու համար: Այս մասին գրել է Tasnimnews-ը:
Ելույթ ունենալով այսօր՝ ապրիլի 24-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Ռոհանին նշել է, որ Իրանի նահանգների մեծ մասը համավարակի չորրորդ ալիքի ֆոնին կորոնավիրուսի հիվանդացության գագաթնակետի ուղու վրա է: Նախագահը նշել է, թե կորոնավիրուսի դեպքերի, մահերի եւ հոսպիտալացումների թիվը վկայում է, որ իրավիճակը վատթարանում է:
«Մենք այլ ելք չունենք, քան խստացնել վերահսկողությունը առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է նա: Ռոհանին մատնանշել է իրավիճակի մոնիթորինգի համար հատուկ թիմեր ստեղծելու եւ սահմանված առողջապահական սահմանափակումների պահպանումը վերահսկելու անհրաժեշտությունը: «Ցավոք, բժշկական արձանագրությունների պահպանման մակարդակը 60%-ից ցածր է, մինչդեռ այն պետք է 90%-ից բարձր լինի»,- հավելել է Ռոհանին:





























