ՀՅԴ-ն պատրաստ է միջազգային ատյաններում աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար պայքարին: Այս մասին այսօր` հունիսի 21-ին Երեւանում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը` Պաղեստինի «Ֆաթհ» կուսակցության (Ազգային Ազատագրական Շարժման) անդամների հետ հանդիպման ժամանակ:
ՀՅԴ Մամլո Դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է հայ-արաբական ջերմ հարաբերություններին եւ պաղեստինյան ժողովրդի արդար պայքարի նկատմամբ ՀՅԴ դրական կեցվածքին, ինչպես նաեւ ՀՅԴ-Ֆաթհ սերտ հարաբերություններին հատկապես Սոցինտեռնում: Լ. Մկրտչյանը հիշել թ, որ ինքը Հայաստանի նախագահի պատվիրակության կազմում` 2000 թվականին պաշտոնապես այցելել է Ռամալահ եւ հանդիպում ունեցել Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում Նաբիլ Շաասը նկատել է, որ իրենց ցանությունն է երկու բարեկամ երկրներում փոխադարձաբար բացել դեսպանատներ: Նա նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներին ներկայացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս փուլը եւ նշել, որ սեպտեմբերին Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` իր անկախությունը ճանաչելու խնդրանքով:
Անդրադարձ է եղել նաեւ Արցախի հարցի բանակցային ներկա հանգրվանին, Պաղեստինում եւ Երուսաղեմում հայության իրավունքներին առնչվող հարցերին, ինչպես նաեւ երկու կուսակցությունների համագործակցությունը սերտացնելու հնարավորություններին:
Նաբիլ Շաասը ՀՅԴ-ի ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրել է Պաղեստին:
Մինչ հանդիպումը «Ֆաթհ» կուսակցության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլ ամսին, Ռամալահում Նաբիլ Շաասի հետ հանդիպել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանը, ով Թել Ավիվում հանդիպումներ էր ունեցել նաեւ Սոցինտեռնի անդամ իսրայելյան Լեյբորիստական եւ Մերեց կուսակցությունների ներկայացուցիչների հետ:




























