Ազգային ժողովն այսօր` հունիսի 21-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արդեն մեկ անգամ բերվել է խորհրդարան, սակայն չի քվեարկվել: Այս նախագծի շուրջ աղմուկ բարձրացավ, քանի որ այն ՀՀ կառավարության այն եզակի նախագիծն էր, որը մերժվեց ԱԺ-ի կողմից:
Ներկայացնելով նախագիծը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ նախագիծը լրամշակվել է` մտցվել են որոշակի փոփոխություններ: Չնայած այս հանգամանքին, ԱԺ պատգամավորներից ոմանք իրենց առարկությունները հայտնեցին նախագծի վերաբերյալ:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն, օրինակ, նշեց, որ չնայած նախագիծը լրամշակվել է, սակայն, միեւնույն է, աղբահանության հետ կապված մի շարք խնդիրների դրանում լուծում չի տրվել: Մասնավորապես` օրենքի նախագծով կենցաղային աղբի համար վճարը սահմանվում է համաձայն հաշվառված անձանց թվաքանակի` յուրաքանչյուր բնակչի համար առավելագույնն ամսական 400 դրամ: Իսկ եթե տվյալ հասցեում որեւէ անձ հաշվառված չէ, ապա տվյալ բնակելի շինության կամ բնակարանի համար կարող է հաշվարկվել աղբահանության վճար մեկ բնակչի համար սահմանված դրույքաչափով, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քմ մակերեսի համար առավելագույնը 25 դրամ:
Ոչ կենցաղային աղբի համար վճարը սահմանվում է ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 1700 դրամ, կամ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 5000 դրամ, կամ ըստ ոչ բնակելի շինության զբաղեցրած մակերեսի՝ 1 քմ մակերեսի հաշվով առավելագույնը 250 դրամ:
Նախագիծն, ըստ ամենայնի, քվեարկության կդրվի վաղը` ԱԺ հունիսի 22-ի նիստում:




























