Խորհրդարանի այսօրվա թիվ մեկ խնդիրը ոչ թե աղբահանությունն է, այլ աղբից հաց հավաքող մուրացկանների, այսինքն` աղքատության խնդիրը: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Աղբահանության մասին օրինագծի» քննարկման ժամանակ հունսի 21-ին հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Ես կարծում եմ, որ արտահերթ նստաշրջան պետք է գումարել արտահերթ նշանակություն ունեցող հարցերը քննարկելու եւ այդ հարցերին պատասխան տալու համար, այլ ոչ թե, օրինակ, աղբահանության խնդիրը դարձնել դոմինանտ»,-վրդովված նշեց պատգամավորը:
Օրինագծի վերաբերյալ կառավարության հիմնավորումը, թե «աղբահանությունը առաջնահերթ հիմնախնդիրներից մեկն է, աղբահանության գործող համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին», պատգամավորի մոտ մի շարք հարցեր են առաջացրել:
«Իսկ թոշակների չափը, աշխատավարձերի չափը, նպաստների չափը համպատասխանո՞ւմ են միջազգային չափանիշներին: Ես ներողություն եմ խնդրում համեմատության համար, բաց եթե նախկինում աղբանոցներից օգտվում էին շները, հետո աղբանոցներից սկսեցին օգտվել մարդիկ, իսկ հիմա աղբանոցներից օգտվում են եւ շները, եւ մարդիկ: Այսինքն պայքար է գնում հացի եւ սննդի մնացորդների համար: Այ սա է Հայաստանի թիվ մեկ խնդիրը»,-նկատեց պատգամավորը: Նրա խոսքով` անընդունելի է աղքատության պայմաններում նման մոտեցում որդեգրել եւ «մարդկանց վզին լրացուցիչ հարկատեսակներ փաթաթել»:
Պատգամավորի խոսքով` կառավարությունն ու իշխանություններն այլ անալոգիայով պետք է առաջնորդվեին, եւ պետք է բարձրացվեր «քաղաքական աղբից Հայաստանի Հանրապետությունն ազատելու» հարցը:
Դալլաքյանն այս համատեքստում անցում կատարեց ներքաղաքական խնդիրներին` դրական գնահատելով իշխանություն-ընդդիմության երկխոսության գործընթացը: «Այսօր Հայաստանում տեղի է ունենում հետաքրքիր պարտիա` այսպես կոչված, շախմատային մեծ խաղատախտակի շուրջ: Այդ պարտիայի մասնակիցներն են Հայաստանի 1-ին եւ 3-րդ նախագահները, նրանց տողատակերով եւ ենթատեքստերով հարուստ խաղը եւ դա այդպես էլ պետք է լիներ, որվհետեւ ուղղակի ասում են չորքոտանիներին, իսկ տողատակերում եւ ենթատեքստերում ասում են բանական մարդկանց: Հայաստանում ստեղծված է շանս, որպեսզի Հայաստանի քաղաքական համակարգը մաքրվի աղբից եւ ամենաշատը վայնասուն են բարձրացրել այն անձինք եւ քաղաքական ուժերը, որոնք ընդդիմություն, իշխանություն քաղաքակիրթ եւ քաղաքական հարթությունում ընթացող այդ փոխհարբերություններում կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում կամ քաղաքական աղբանոցում», -խոսքն ամփոփեց Դալլաքյանը:




























