Հունիսի 20-21-ը փորձի փոխանակման նպատակով Հայաստանում էին Գերմանիայի դաշնային ցանցային գործակալությունից Զաբինե Բրոսսը եւ Դաշնային մենաշնորհային պայմանագրերի գերատեսչության աշխատակից Քրիստիան Բոնգարդը, որոնք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրեցին սեմինար-քննարկում: Այդ մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
Գերմանացի մասնագետներն անդրադարձան նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հեռահաղորդակցության ոլորտում հարուցված վարույթներին:
Քննարկում ծավալվեց ՏՄՊՊՀ-ի համար կարեւորություն ներկայացնող խնդիրներից մեկի՝ միջազգային ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ Եվրամիության երկրների շրջանակներում բջջային կապի միջազգային ռոումինգ ծառայությունների մատուցման սակագների իջեցումից հետո Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունը հարուցեց վարչական վարույթ՝ ռոումինգ ծառայությունների բարձր սակագները հնարավոր օրենքի խախտում ամրագրելու նպատակով:
ՌԴ օպերատորները հոժարակամ իջեցրեցին ռոումինգ ծառայությունների մատուցման սակագները եւ նման առաջարկ ներկայացրեցին ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի օպերատորներին: Թեեւ ներկայումս Հայաստանում այս ծառայության սակագինը դեռեւս որոշակիորեն մնում է բարձր մակարդակի վրա, սակայն նվազեցման ուղղությամբ տարվող գործընթացն ընթացքի մեջ է:




























