ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջեւ երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը նոր խթան է Հայաստանի եւ Լիբանանի միջեւ երիտասարդության ու սպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման համար: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։
«Հարգարժա՛ն տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ Ձեր պատմական հայրենիքում: Ուրախ եմ, որ կարողացանք արձանագրել հայ-լիբանանյան հարաբերությունները երիտասարդության եւ սպորտի ոլորտում զարգացնելու մեր մտադրությունը, ինչին, համոզված եմ, շուտով կհաջորդեն գործնական քայլերը: Այսպիսով՝ մենք վերահաստատում ենք Լիբանանի Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները եւ վաղեմի սերտ կապերն առավել ամրապնդելու եւ զարգացնելու պատրաստակամությունը»,- ասել է Վ. Դումանյանը եւ վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը կնպաստի նաեւ լիբանանահայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը:
Վարդինե Օհանյանը շեշտել է, որ հպարտ է որպես Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ Հայաստան այցելելու, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ մտադրությունների նամակ ստորագրելու կապակցությամբ:
«Շնորհակալ եմ եւ շատ ուրախ այս առիթի համար: Ցանկանում եմ ընդգծել մտադրությունների նամակի ստորագրման կարեւորությունը եւ վստահեցնել, որ երկու պետությունների ու ժողովուրդների պատմական բարեկամությունը երկկողմանի համագործակցությամբ շատ ավելի կամրապնդվի հատկապես երիտասարդության եւ սպորտի ոլորտում: Այժմ Լիբանանի երիտասարդությունը լուրջ մարտահրավերներ եւ դժվարություններ ունի հատկապես աշխատաշուկայում. շատերը, չկարողանալով հայրենի երկրում օգտագործել իրենց ներուժը, արտագաղթում են: Ուստի հույս ունեմ, որ մեր երկրների միջեւ փորձառության փոխանակումը եւ այս փաստաթղթի գործնական կիրառումը երիտասարդներին կօգնեն հաղթահարել նաեւ այդ դժվարությունները»,- ասել է Վ. Օհանյանը եւ շնորհակալություն հայտնել գործընկերային հարաբերությունների համար:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը եւ Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը վստահեցրել են, որ մտադրությունների նամակի ստորագրման արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Մտադրությունների նամակի ստորագրմամբ նախարարներն արտահայտում են երիտասարդության եւ սպորտի ոլորտում առկա համագործակցությունն ընդլայնելու իրենց մտադրությունը՝ հիմք ընդունելով փոխադարձության, փոխըմբռնման եւ փոխշահավետության սկզբունքները: Մտադրության նամակի իրագործման հետագա պայմանավորվածությունները լրացուցիչ կքննարկվեն կողմերի միջեւ:





























