Արաբական Միացյալ Էմիրությունները նախազգուշացրել է, որ Երուսաղեմի պատմական ինքնությունը փոխելու ցանկացած քայլ սպառնում է խաղաղությանը, եւ Իսրայելին կոչ է արել դադարեցնել բռնությունները իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ վերջին բախումներից հետո, հայտնում է AP-ն:

Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք մտահոգված են «բռնության գործողություններով, որոնք իրականացնում են աջ ծայրահեղական խմբավորումները գրավյալ Արեւելյան Երուսաղեմում»: Նախարարությունը Իսրայելի իշխանություններին կոչ է արել «պատասխանատվություն վերցնել դեէսկալացիայի համար եւ վերջ տալ ագրեսիային ու գործողություններին, որոնք պահպանում են լարվածությունն ու թշնամանքը»:

ԱՄԷ-ն նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է պահպանել Երուսաղեմի պատմական ինքնությունը եւ «առավելագույն զսպվածություն դրսեւորել, որպեսզի տարածաշրջանը չսահի աշխարհին սպառնացող անկայունության նոր մակարդակի վրա»:

Անկարգությունների բռնկման անմիջական պատճառ է դարձել Երուսաղեմի Հին քաղաքից դուրս գտնվող մի տարածքի արգելափակման Իսրայելի որոշումը։ Այստեղ Պաղեստինի բնակիչները ավանդաբար երեկոյան հավաքվում են մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում: Այս քայլը մեծացրել է պաղեստինցիների մտահոգությունները՝ կապված Իսրայելի կողմից Արեւելյան Երուսաղեմի վերահսկողության հետ:

Հարյուրավոր երիտասարդ պաղեստինցիներ ամեն երեկո դուրս էին գալիս փողոցներ՝ ի նշան բողոքի: Բազմությունը քարեր, մոլոտովյան կոկտեյլներ եւ այլ առարկաներ էր նետում ոստիկանության ուղղությամբ, իսկ ոստիկանները ցրելու համար նռնակներ եւ ջրցան մեքենաներ էին օգտագործում: