Եվրամիությունը «բացարձակապես չի աջակցում» Արեւմտյան Բալկաններում սահմանների վերաձեւմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ պատասխանելով ոչ պաշտոնական դիվանագիտական նոտային, որով առաջարկվում է բաժանել Բոսնիան եւ միավորել Կոսովոն Ալբանիայի հետ:

Փաստաթուղթը, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ եւ տարածվել է ԵՄ պաշտոնյաների շրջանում, առաջարկում է Բոսնիայի որոշ հատվածներ միացնել Սերբիային եւ Խորվաթիային՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցում տարածաշրջանին օգնելու համար:

Սա անհանգստացրել է բոսնիացիներին, ովքեր փաստաթղթի մեջ իրենց երկրի տարածքային միասնության համար սպառնալիք են տեսնում:

Reuters-ը չի կարողացել ինքնուրույն ստուգել փաստաթղթի իսկությունը, որը պաշտոնապես չի հաստատում ոչ մի երկիր:

«Մենք բացարձակապես կողմ չենք սահմանների որեւէ փոփոխությանը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի գլխավոր ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

Չեռնոգորիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիան, Ալբանիան եւ Կոսովոն նույնպես հույս ունեն դառնալ ԵՄ անդամ:

ԵՄ-ն հայտարարում է, որ նրանք նախ պետք է լուծեն իրենց հակամարտությունները եւ առաջ տանեն ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կարողանան անդամակցել:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկուշաբթի օրը Բրյուսելում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո ասել է, որ ԵՄ-ն անդամակցության բանակցությունների շրջանակներում ցանկանում է «շարունակել օրենքի գերակայության դրական փոփոխություններ տեսնել»: Նրանք քննարկել են Բելգրադի եւ Կոսովոյի միջեւ բանակցությունները:

Հյուսիսային Մակեդոնիայի եւ Կոսովոյի ղեկավարները նույնպես պետք է այս շաբաթ Բրյուսել ժամանեն:

Ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՄ-ն կաջակցի Բելգրադի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ երկաթգծի կառուցմանը։ Անցյալ տարի Բուլղարիայի վետոյից հետո անդամակցության բանակցությունները պաշտոնապես սկսելու հույսերը կոտրվել են: