Ի պատասխան Հայ առաքելական եկեղեցու պահանջի, ՀԱԵ-ի վրացական թեմին վերադարձնել այդ երկրում հայկական եկեղեցիները, Վրաց եկեղեցին, առաջնորդվելով շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ, առաջադրել է իր պահանջները Հայաստանում որոշ եկեղեցիների նկատմամբ, դրանք հայտարարելով վրացական: Բացի այդ, վրացական կողմը պահանջել է Հայաստանում կառուցել նոր վրացական վանք:

Այս մասին այսօր` հունիսի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանապետ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը:

Նրա խոսքով, դա փոխում է իրերի դրությունը: «Հայաստանում ապրում է 700-800 վրացի, այնինչ Վրաստանում հայերի թիվը հասնում է 250 հազարի: Հայաստանում ապրող վրացիների համար Երեւանի Նորագավիթ թաղամասում կառուցվել է վրացական եկեղեցի: Միաժամանակ, վրացական կողմը այս հարցում ընդառաջ չի գնում»,- ասել է արքեպիսկոպոսը:

Նա նաեւ նշել է, որ Վրաց եկեղեցին պահանջում է նաեւ Հայաստանում իրավաբանական կարգավիճակ տալ Վրաց ուղղափառ եկեղեցուն, սակայն Հայ առաքելական եկեղեցին դեմ չէ այդ պահանջին, քանի որ դա չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Իր հերթին ՀԱԵ պահանջում է Վրաստանում իրավաբանական կարգավիճակ տալ հայոց եկեղեցուն եւ հայկական եկեղեցին հանձնել ՀԱԵ Վրաստանի թեմին:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի Վրաստան կատարած այցին, արքեպիսկոպոս Խաչատրյանն ասել է. «Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան այցի ընթացքում Վրաց եկեղեցու կողմից զգացվում էր անհանդուրժողականության եւ ծայրահեղականության դրսեւորումներ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որն արտահայտվում էր օրինակ հայկական որոշ եկեղեցիներ վրացականացնելով»:

Ինչ վերաբերում է վրացական կողմի առաջարկությանը` ստեղծել երկկողմ հանձնաժողով եկեղեցիների պատկանելիության հարցը որոշելու համար, ապա Հայաստանի աստվածաշնչյան ընկերակցության ղեկավար արքեպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանի ներկայացմամբ, հայկական կողմը դեմ չե հանձնաժողովի ստեղծմանը, սակայն «մենք դեմ ենք հանձնաժողովի ստեղծմանը, որի նպատակը ժամանակ ձգելն է կամ էլ նրա գործունեությունը կրելու է ձեւական բնույթ»:

Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական եկեղեցիների թվին, ապա Պետրոսյանի խոսքով, խորհրդային ժամանակներում Վրաստանում գործում էր 4 հայկական եկեղեցի, իսկ այսօր` 30: «Իսկ ահա մինչեւ 1917 թվականը ՀԱԵ Վրաստանի թեմում կար 457 հայկական եկեղեցի»,- ասել է նա: