Ադրբեջանում «Հասարակական պալատ» հանուն ժողովրդավարության քաղաքացիական շարժման հունիսի 19-ին Բաքվում կազմակերպած բողոքի ակցիան ամենամասշտաբայինն էր վերջին ամիսների ընթացքում:

Ընդդիմության կողմնակիցների փոքրաթիվ, բայց շարժական խմբերը հանկարծակի հայտնվում էին քաղաքի տարբեր հատվածներում` Նարիմանովի, Յասամալի, Սաբայիլի, Նիզամիի, Բինագադինի շրջաններում, բացականչելով «ազատություն», «ազատություն քաղբանտարկյալներին», «հրաժարական» կարգախոսները:

Ոստիկանության համար անսպասելի է եղել ակցիան մետրոյի «Նեվթչիլար» կայարանի մոտի այգում, որտեղ իշխանությունները ստիպված էին մի ամբողջ ավտոբուս ոստիկաններ ուղարկել «օգնության»: Նրանք սկսել են ցրել այգում հավաքվածներին, անգամ նրանց, ովքեր ուղղակի հանգստանում էին այգում եւ ոչ մի առնչություն բողոքի ակցիայի հետ չունեին: Ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում ընդդիմության առաջնորդներից Սեյմուր Հազիեւը, հաղորդում է Contact.az-ը:

Ընդդիմադիրների եւս մեկ խումբ հայտնվել է Տիկնիկային թատրոնի մոտի ծառուղում: Այստեղ ձերբակալվել է 12 մարդ, այդ թվում ընդդիմադիր առաջնորդներից Գեզյալ Բայրամովան եւ ակտիվիստ Եգյանա Ամիրասլանովան:

Ձերբակալվածների թվում են նաեւ «Մուսավաթի» ակտիվիստ Յաշար Թյուրքազերը, երիտասարդ ակտիվիստ Թուրգութ Ղամբարը («Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարի որդին):

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 40  մարդ: