Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այսօր՝ ապրիլի 28-ին, բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին, կալանավորելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Բենիկ Գալստյանն ասաց, որ դատարանի այդ որոշումը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան։
«Դատարանը գտել է, որ հանցանքի կատարման վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած։ Որպես կալանավորման հիմք՝ նշել էր քննիչի կողմից ներկայացված 3 հիմքերից մեկը՝ խոչընդոտելու ռիսկը։ Իմ համոզմամբ՝ նշված ակտն ապօրինի է»,- նշեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։











