Եվս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է տարածաշրջանում եւ պետք է ձգտի այդպիսին լինել ամբողջ աշխարհում: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Անդրադառնալով Freedom House-ի զեկույցին, որի համաձայն՝ Հայաստանն 2018ժ-ից ի վեր առաջին անգամ անկում է գրանցել, նա ասաց. «Զեկույցին ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել, որ ժողովրդավարությունը կայուն, ստատիկ կատեգորիա չի: Դուք հետպատերազմյան որեւէ երկիր չեք կարող գտնել, որը որոշակի աֆթերշոկեր չարձանագրի: Արտահերթ ընտրություններն ուղղված են հենց նրան, որ երկրում վերականգնվի եւ ներքին կայունությունը, եւ արտաքին հարաբերություններում զբաղեցնենք այն նույն դիրքերը, որոնք կային պատերազմից առաջ»:

Անդրադառնալով ընտրական գործընթացների փոփոխություններին՝ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց՝ փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել են բավականին երկար, այս փոփոխությունները մասնակիորեն արտացոլում են Վենետիկի հանձնաժողովի կողմից արտահայտված դիրքորոշումները, համապատասխան շտկումներ են արված՝ հաշվի առնելով ՀՀ-ում ընտրական գործընթացների հետ կապված խնդիրները, և միջազգային չափորոշիչները, որոնք դրվել են այս կամ այն իրավախախտման դեմ:

«Ինձ համար անընդունելի է, որ որեւէ անձ, որը չի կատարել քրեական հանցագործություն, հայտնվի քրեական հետապնդման ոլորտում: Միաժամանակ ինձ համար անընդունելի է, որ ցանկացած անձ, որ կատարել է քրեաիրավական առումով պատժելի ոտնձգություն, մնա ազատության մեջ եւ շարունակի անընդունելի եւ ոչ իրավաչափ վարքագիծը»,-ասաց նա:

Հարցին, որ եթե որեւէ համայնքի բնակիչներ արգելեն Նիկոլ Փաշինյանին մտել իրենց համայնք, կամ վանկարկեն դավաճն, արդյոք նրանք այս կարգավորումներով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավը ենթադրում է որոշակի հանդուրժողականության մակարդակ: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ օրինակ նախընտրական հավաքի ժամանակ փորձ է արվում կասեցնել հավաքը, թույլ չտալ հավաքի կազմակերպումը: Բոլորն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը, բայց որեւէ մեկն իրավունք չունի ինձ արգելել իիրականացնել իմ սահմանադրական իրավունքը: Խոսքը վերաբերում է բռնի ուժ կիրառելուն, հակասահմանադրական գործողություններ իրականացնելուն: Ասենք, եթե հայտարարված է հավաք եւ օրինակ, հավաքի մասնակիցներին թույլ չեն տալիս, սպառնում են, որ եթե մասնակցեցիք, սենց կլինի, նենց կլինի»: