Ինձ համար որեւէ անակնկալ չկար, որ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ գործը կկարճվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։
Նշենք, որ այսօր Դանիելյանի գործով առաջին դատական նիստը պետք է կայանար, ինչը հետաձվեց՝ գործով մեղադրող դատախազի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։
«Մանավանդ վերջին կես տարվա ընթացքում իրենց ընդդիմադիր համարող գրեթե բոլոր քաղաքական գործիչները իրենց ելույթներում պնդում են, որ այս իշխանություններն ու նրանց կամակատարները պետք է րոպե առաջ հեռանան, նույնիսկ՝ սպանվեն, բայց, ի հեճուկս բոլոր այդ կոչերի, որեւէ բան տեղի չի ունենում։ Ըստ էության, այս իշխանության ներկայացուցիչներից ընդամենը երկու հոգի են խնդիր ունեցել փողոցներում՝ մեկը՝ Ալեն Սիմոնյանը, մյուսը՝ Արարատ Միրզոյանը։ Իմ կարծիքով՝ ամենակարեւոր հարցը, որ հանրությունն ինքն իրեն պետք է տա, հետեւյալն է՝ որն է պատճառը, որ քաղաքական գործիչները անընդհատ հայտարարություններ են անում, բայց դրանք ոչ մեկը կյանքի չի կոչում»,- ասաց Դանիելյանը։
Հարցին, իր կարծիքով, այդ միջադեպի օրը Ալեն Սիմոնյանը գտնվե՞լ է աֆեկտիվ վիճակում, Դանիելյանն ասաց. «Նա կամ վերջին 5-6 տարին է գտնվել այդ վիճակում, որովհետեւ ստացվում է, որ օր կա իրենք ընկնում են աֆեկտի մեջ, օր կա՝ չեն ընկնում։ Օրինակ՝ երբ մեր հայրենիքը վաճառում էին, հուզմունք չէր առաջանում իրենց մոտ, բայց երբ փողոցում իրենց ողջույնին հավուր պատշաճի պատասխան են ստանում, խիստ հուզվում են։ Նույն դրվագներն իր կյանքում բազմաթիվ անգամներ կրկնվել են, այդ թվում՝ իմ ներկայությամբ։ Իր մոտ հուզմունք առաջացավ, երբ իրեն դիմեցին այնպես, ինչպես առհասարակ դիմում են»։
Դանիելյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 29-ին, որը, ըստ Դանիելյանի, նույնպես քաղաքական ենթատեքստ ունի. «Իշխանության ներկայացուցիչները, ոչ միայն գործադիրի, ուզում են սպասել, տեսնեն՝ ինչ կլինի հունիսի 20-ից հետո, որ հետո ավելի թեթեւ, մաքուր խղճով դատեն»։
Անդրադառնալով գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանի անաչառությանը՝ Արթուր Դանիելյանն ասաց. «Ես բազմաթիվ հարցեր ունեմ հանրահայտ «Գագիկ Սողոմոնյանի» օգտատիրոջ փնտրտուքի հետ կապված դատավարության առումով, որովհետեւ ինձ համար որեւիցե կերպ հասկանալի չէ, թե ինչու են այդ գործի շրջանակներում ձերբակալվել քաղաքական գործիչներ, եթե ձերբակալությունները հիմնավոր էին, ինչո՞ւ էին հետո նրանք ազատ արձակվել։ Ես գիտեմ, որ դա միակ խնդրահարույց գործը չի, որ քննվում է այդ դատավորի ղեկավարությամբ»։
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Դանիելյանն ասաց.
«Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, դա ոչ թե մենք ենք առաջ բերում, այլ դա այն միակ հարցն է, որը այս երկրում կա, Հայաստանի Հանրապոտությունում այլ օրակարգ պարզապես գոյություն չունի, Հայաստանը՝ որպես միջազգյաին իրավունքի սուբյեկտ, ուրիշ որեւիցե հարցով աշխարհին հետաքրքիչ չէ, այիսնքն ուզենք, թե չուզենք այդ հարցը կա։ Ինձ համար նույնպես ոչ պակաս անհասկանալի ներքաղաքական գործընթացների արդյունքում Արցախի կարգավիճակի հարցը հետ է մղվում։ Այսինքն, բոլորը նշում են, որ Արցախի կարգավիճակի արցը կարեւոր է եւ պետք է քննարկվի, բայց բոլորը խուսափում են հստակ ժամկետներից, ձեւակերպումներից։ Այս առումով մենք ուղղակի փորձում ենք իրական բովանդակությունը բարձրացնել քաղաքական թատերաբեմ եւ զրկենք այդ թատերաբեմը անբովանդակ եւ սին օրակարգերից։ Այդ շրջանակներում մենք պլանավորում էինք քաղաքական հանդիպումների շարք, հետո մի փոքր մարտավարական փոփոխություն տեղի ունեցավ․ Կոնստանտին Տեր-Նակալյանը առաջարկեց օրենսդրական նախաձեռնության տեսք տալ այդ օրակարգի առաջխաղացմանը եւ հանդես գալ հայկականությունը վիրավորող արտահյտությունները քրեականացնելու նախաձեռնությամբ, որի շուրջ մեր քաղաքական կոնսուլտացիաները եւ հանդիպումները ավելի բովանդակային, ավելի օրակարգային տեսք կունենան, արդեն մի քանի հանդիպումներ տեղի են ունեցել, եւ կարգապահորեն հետեւելու ենք, որ որեւէ անձ կամ կառույց, որ քաղաքական որոշակի նկրտումներ ունի Հայաստանում, հասկանա, որ առանց Արցախի կարգավիճակի շուրջ հստակ դիրքորոշման, առանց հայկականությունը վիրավորելու շուրջ հստակ դիրքորոշման եւ առանց այդ դիրքորոշումների շուրջ հստակ քայլերի նրանք Հայաստանում ապագա չեն ունենալու կամ այն շատ բարդ է լինելու, որովհետեւ մեր նման խմբավորումները նրանց կյանքը բարդացնելու են»։
Անդրադառնալով իրենց ֆեյսբուքյան ալիքի փակվելու հարցին՝ Դանիելյանն ասաց, որ դա բողոքների արդյունք է. «Facebook-ը մեզ տեղեկացրել է, որ եղել են բողոքներ, այսինքն բողոքել են, պնդել են, որ մեր հաղորդումները հանցավոր վարքագիծ քարոզելու տարրեր են պարունակում եւ այդ շրջանակներում հեռացրել են մեր վերջին տեսնյութը եւ սպառնացել, որ առհասարակ մեր ֆեյսբուքյան էջը կարգելափակեն, դրանից զատ մի քանի անգամ արգելափակել են իմ օգտահաշիվը, այդ թվում նաեւ այսօր առավոտյան։ Այսօրվա դեպքը հստակ վկայում է, թե որտեղից են աճում այս ամենի պոզերը։ Ես Facebook-ում նկատել եմ մեկնաբանություններ առ այն, որ սա կարող է աշխարհաքաղաքական ենթատեքստ ունենալ, ես խորհուրդ կտայի չշտապել եզրակացությունների շուրջ, որովհետեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ իրավիճակը շատ սրընթաց զարգանում է եւ ի հայտ են գալիս բազմաթիվ շատ հետաքրքիր նյուանսներ, որոնք վերջին ամիսների ընթացքում մակերեւույթ չէին բարձրանում։
Օրինակ ԱՄՆ դեպսանը արդեն երկրորդ անգամ իր ելույթներում նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է գա օրակարգ, եւ որ դա միակ երաշխիքն է, որ մեր տարածաշրջանում կարող է խաղաղություն հաստատվել։ Դրան զուգահեռ Իրանի եւ Չինաստանի շատ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժերի է հանգեցրել, 2 օր առաջ րատահոսեց Իրանի Արտգործնախարարի ձայնագրությունը, որտեղ նա պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունը արգելափակում է Իրանի զարգացումը եւ մասնավորապես Իրանի համար առանցքային հանդիսացող միջուկային ծրագիրը։ Այդ համատեքստում ջերմացել են Իրանի եւ ԱՄՆ կամ առհասարակ Արեւմուտքի հարաբերությունները; Նրանք Վիեննայում կարծես թե պայմանավորվածության են հասնում Իրանի հանդեպ պատժամիջոցները հանելու հարցում։ Այս ամենում շատ կարեւոր դեր է խաղում Արցախը, Հայաստանը եւ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հետեւաբար անշուշտ Հայաստանի ներքաղաքական բոլոր պրոցեսներում կա աշխարհաքաղաքական միանշանակ երանգ եւ հիմք, բայց ամեն ինչ այնքան ակնհայտ չէ, որքան թվում էր մեզ նույնիսկ 2 ամիս անց»։
Անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշմանը եւ հարցին՝ արդյոք կարո՞ղ են լինել արդար ընտրություններ՝ Դանիելյանն ասաց. «Գաղափարախոսական առումով մենք 3 տարի է՝ պնդում ենք, որ ժողովրդավարությունը այն ֆորմատով, որ այսօր գոյություն ունի աշխարհում եւ Հայաստանում, արդեն վաղուց սնանկ է, որովհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ չեն տալիս հուսալ, որ նույնիսկ նույնիսկ այն պրոցեսները, որ 50 կամ 70 տարի առաջ քիչ թե շատ արդարացիորեն էին ընթանում, կընթանան նույն հունով այսօր։ Մենք պնդել ենք եւ պնդում ենք, որ կուսակցությունները այսօուհետ սնանկ են եւ քաղաքական առողջ պրոցես կարող է միայն տեղի ունենալ, եթե դրա հիմքում արհեստակցական միությունն է։ Մասմագիտական միությունները պետք է օրակարգ թելադրեն, պետք է ընտրեն մասնագետների, որոնք կներկայացնեն իրենց շահերը Ազգային ժողովում: Մեր ազգային ժողովը պետք է կազմված լինի այն մասնագիտությունների ներկայացուցիչներից, որոնք ավելի արդիական են մեր երկրի ռազմավարական զարգացման հայեցակարգի շրջանակներում: Այսինքն գաղափարական առումով որեւիցե ընտրություն, որ ժողովուրդը մի քանի հազար թամադայից ընտրում է լավագույն թամադային, մեզ համար ընդունելի չէ, այն արդար լինել չի կարող»։
Նա նշեց, որ վստահ չէ՝ հունիսի 20-ի ընտրություններ տեղի կունենան, թե ոչ. «Ինչ վերաբերում է հունիսի 20-ի ընտրություններին, ես դեռ վստահ չեմ, որ դրանք տեղի կունենան, դրա ընթացքը կարող է խափանվել թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ինչ-ինչ գերակայություններից ելնելով: Երկրորդը որեւէ վստահություն չի ներշնչում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը իր հերթին հենված է Տիգրան Մուկուչյանի իշխանության վրա, որին հենց Նիկոլ Փաշինյանը ժամանակին դելեգիտիմացրել է: Մենք մասնակցության որոշում չունենք, որովհետեւ չգիտենք՝ ով է մասնակցում, ոնց է մասնակցում, մոտ օրերս ավելի պարզ կլինի ամեն ինչ»։











