Ֆրանսիան կսկսի մեղմացնել գիշերային պարետային ժամը եւ թույլ կտա սրճարաններին, բարերին եւ ռեստորաններին մայիսի 19-ից ծառայություններ մատուցել բաց տարածքներում, հաղորդում է Reuters-ը:

Նախագահ Էմանուել Մակրոնը, որը գործարար խմբերի եւ COVID-ից հոգնած հասարակության կողմից ճնշման է ենթարկվում, հայտարարել է կարանտինը դադարեցնելու քառափուլ ծրագրի մասին:

Մեղմացումը տեղի կունենա չնայած այն հանգամանքին, որ ամենօրյա նոր դեպքերի եւ COVID-19-ով հիվանդների թիվը վերակենդանացման բաժանմունքներում շատ ավելի մեծ է, քան երկու նախորդ լոքդաունները չեղյալ հայտարարելիս: Մակրոնն ասել է, որ դա հնարավոր է դարձել պատվաստումների արդյունքում:

Ծրագիրը նախատեսում է մայիսի 19-ից ժամը 19:00-ից գիշերային պարետային ժամի տեղափոխում՝ մինչեւ ժամը 21:00-ը, հունիսի 9-ից՝ մինչեւ 23:00-ը, որից հետո այն ամբողջությամբ չեղյալ կհայտարարվի հունիսի 30-ին:

Թանգարանները, կինոթատրոնները եւ թատրոնները մայիսի 19-ին կրկին կբացվեն: «Առողջական անցագիր» ունեցող օտարերկրյա զբոսաշրջիկներին հունիսի 9-ից կթույլատրվի կրկին այցելել Ֆրանսիա:

«Մենք կկարողանանք արտակարգ արգելակ կիրառել այն վայրերում, որտեղ վիրուսը չափազանց տարածված է»,- ասել է Մակրոնը:

Ըստ տվյալների՝ Փարիզում եւ նրա արվարձաններում հիվանդացության մակարդակը մինչեւ ապրիլի 25-ը յոթ օրվա ընթացքում միջինը կազմել է 459՝ 100 000 մարդուց, եւ շարունակում է նվազել: Իլ դե Ֆրանսում բնակվում է Ֆրանսիայի բնակչության գրեթե մեկ հինգերորդ մասը, որին բաժին է ընկնում տնտեսական գործունեության 30%-ը: Ըստ Reuters-ի, Ֆրանսիայի բոլոր քաղաքացիների շուրջ 22%-ը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դոզան:

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայում, Եվրոպայում եւ զարգացող երկրներում պատվաստումների արագացումը կարեւոր նշանակություն ունի վիրուսի դեմ պայքարում:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան կարող է օգտագործել թվային կամ թղթե «առողջության անցագիր», որը կօգնի զսպել վիրուսի տարածումը մարդաշատ միջոցառումների ժամանակ:

«Առողջության անցագիրը երբեք չի լինի մուտքի իրավունք, որը կտարբերակի ֆրանսիացիներին»,- ասել է նախագահը: «Ինչ վերաբերում է հանրային ազատություններին, խորհրդարանը կքննարկի այդ հարցը»: