Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին զինված հակամարտությունը, որը սկսվել էր այս շաբաթ ջրաբաշխիչի հասանելիության պատճառով, վերջին օրվա ընթացքում կարգավորվել է: Կողմերը հրադադար են հայտարարել, հետ քաշել զինվորական ստորաբաժանումներն ու հաշվարկում են վնասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տաջիկստան-Ղրղզստան սահմանի երկայնքը կազմում է շուրջ 980 կմ, ընդ որում՝ շուրջ 400 կմ դեռեւս սահմանագծված եւ սահմանազատված չէ, իսկ որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ ծագում են վեճեր եւ հակամարտություններ տեղի բնակիչների միջեւ: Սակայն վերջին հակազդությունն ամենալուրջ բախումներից մեկն էր ե՛ւ զոհերի, ե՛ւ վնասի ծավալների թվով:
Հստակ տվյալները դեռեւս շարունակում են ստացվել, սակայն արդեն հայտնի է, որ երկու կողմում զոհվել է առնվազն 30, տուժել՝ շուրջ 200 մարդ: Ավելի քան 7 հազար բնակիչ տարհանվել է Ղրղզստանում:
Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը դիմել է ՄԱԿ՝ առաջարկելով վերաուղղել հումանիտար նախագծերի մի մասը տուժած շրջանի վերականգնման համար:
Հակամարտություն ջրի պատճառով
Երկրում իրավիճակը սրվել էր չորեքշաբթի: Սահմանամերձ երկու շրջանների բնակիչների միջեւ հակամարտությունը սկսվել էր ջրաբաշխիչ կայանի հասանելիության պատճառով: Ի սկզբանե նրանք քարեր են նետել միմյանց ուղղությամբ, այնուհետեւ կրակել են որսորդական հրացաններից: Հինգշաբթի ցերեկը բախումը վերաճել է հրաձգության զինվորականների միջեւ, որոնք կիրառել են ականանետեր եւ հրացաններ:
Էսկալացիան շարունակվել է մինչեւ հինգշաբթի երեկոյան: Բիշկեկի տվյալներով՝ Տաջիկստանը կրակ էր բացել մի քանի ղրղզական սահմանամերձ դիրքից: Ղրղզական սահմանայինները գրավել էին տաջիկական տարածքի դիրքը: Հայտնել էին, որ Բիշկեկն ու Դուշամբեն լրացուցիչ ուժեր են կուտակում հակամարտության գոտու տարածքում:
Հինգշաբթի երեկոյան երկու երկրներում ստեղծել են իրավիճակը կարգավորելու հանձնաժողովներ, որոնց անդամները մեկնել են բախումների գոտի: Երկու երկրների ԱԳ նախարարները հեռախոսով պայմանավորվել են հրադադարի մասին: Գիշերը կրակը դադարել է, սակայն առավորտյան կրկին հաղորդագրություններ էին տարածվում լռության ռեժիմը խախտելու մասին: Արդեն ուրբաթ ցերեկը Ղրղզստանի ներկայացուցիչ Օմուրբեք Սուվանալիեւը հայտարարել է, որ իրավիճակն ամբողջովին կայունացել է:
Նախագահների հեռախոսազրույցը
Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնն ու Սադիր Ժապարովն ուրբաթ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը սահմանին: Երկրների ղեկավարները համաձայնել են շարունակել երկխոսությունը սահմանազատման համար եւ ընդգծել ձեռքբերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը՝ ուղղված իրավիճակի կարգավորմանն ու դրա էսկալացիայի կանխարգելմանը, մասնավորապես, հրադադարի ռեժիմի հաստատմանն ու սահմանված ժամկետում սահմանագծից զորքերի դուրս բերմանը:
Նաեւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ սահմանագծման եւ սահմանազատման հարցերով միջկառավարական նիստ անցկացնելու մասին մայիսի 1-ին Ղրղզստանում: Ռահմոնը հրավիրել է Ժապարովին պաշտոնական այցով ժամանել Տաջիկստան առաջիկայում. հրավերն ընդունվել է:
Ավելի ուշ Ժապարովը հայտարարել է. «Չնայած խաղաղություն եւ կայունություն պահպանելու մեր ջանքերին՝ որոշ ուժեր հրահրել են անկարգություններ սահմանին»: Ընդ որում՝ նա չի մանրամասնել՝ որ ուժերի մասին էր խոսքը:
Վնաս եւ օգնություն
Ուրբաթ Ղրղզստանի կառավարությունը հայտնել է, որ հանրապետության ավելի քան 7 հազար բնակիչ տարհանվել է հակամարտության գոտուց: Ավելի քան 6 հազար մարդ «տեղավորվել է բարեկամների մոտ»: «Տարհանված բնակիչները գտնվում են անվտանգ վայրում եւ ապահովված են տաք սննդով ու առաջին անհրաժեշտության իրերով»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ կազմակերպությունը պատրաստ է ցուցաբերել տեխնիկական աջակցություն «հակամարտության կողմերին ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու հարցում գործող տարածաշրջանային եւ երկկողմանի ծրագրերի շրջանակում: Նշվել է նաեւ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադիր հետեւում է իրավիճակի կարգավորմանը սահմանին եւ ուրախ է հրադադարի ռեժիմ հայտարարելու առիթով:





























