NEWS.am-ը ներկայացնում է Պյեր Ավրիլի հոդվածը` հրապարակված ֆրանսիական «Le Figaro» պարբերականում:

Հրեշտակի դեմքով, շքեղ ու անփույթ հագուստով Էլդար Գասիմովը մի գիշերում դարձավ Ադրբեջանի կուռքը: Երգչուհի Նիգյար Ջամալի հետ Գասիմովը մայիսի 14-ին հաղթեց «Եվրատեսիլ-2011»-ում` Ադրբեջանին պարգեւելով հպարտության զգացում: Այդ օրվանից այդ երիտասարդները, օգտվելով անսպասելի հռչակից, նվաճեցին Բաքվի մոդայիկ բարերը: Էլդարը սովորում է միջազգային հարաբերությունների բաժնում, տիրապետում է մի քանի լեզուներին: Նիգյարը գործարարի կին է եւ ապրում է Լոնդոնում: Սա է Ադրբեջանի ժամանակակից եւ կոսմոպոլիտական ցուցափեղկը: Նավթով հարուստ երկիրը ժպտում է օտարերկրյա ներդրողներին եւ հարգանք ու ակնածանք է փնտրում միջազգային հարթությունում:

Ամեն ինչ գրեթե կատարյալ կլիներ, եթե լուսավորյալ ավտոկրատ Իլհամ Ալիեւի ղեկավարած այս մուսուլմանական հանրապետությունում չսկսեր փչել արաբական հեղափոխությունների քամին: Խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ-ի, այնուհետեւ Կոմկուսի ղեկավար Հեյդար Ալիեւի որդի Իլհամը ութ տարի իշխանության ղեկին է եւ այդ ընթացքում հետապանդել է բողոքի նույնիսկ ամենաչնչին դրսեւորումները: Մի քանի շաբաթվա ընթացքում բռնությամբ արգելվեցին մի քանի հանրահավաքներ, իսկ դրանք առաջնորդողները ուղարկվեցին բանտ:

«Ընդդիմությունը յուրօրինակ բիզնես է դարձել: Այն ղեկավարում են մարդիկ, որոնք կողմ չեն երկրի անկախ քաղաքականությանն ու եվրոպական արժեքների գերակայությանը», – տրտնջում է խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը: Նա ներկայացնում է Ադրբեջանի համար սպառնալիք հանդիսացող հարեւան երկրների ցուցակը. հյուսիսում` նախկին խնամակալ-տերություն Ռուսաստանը, հարավում` միջուկային Իրանը, արեւելքում` անկայուն Միջին Ասիան, Թուրքիան` արեւմուտքում, բայց, հատկապես, Հայաստանը, որին Ադրբեջանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղի ապօրինի բռնազավթման մեջ` «ամենազոր» սփյուռքի օգնությամբ: Հանդես գալով պատերազմի օգտին` հասարակական կարծիքը Ադրբեջանի կառավարությանը դրդում է զենքի ուժով վերադարձնել 1994 թվականի պատերազմում կորցրած տարածքները: Այդ պահանջը ներկայացնում է ազգայնական ընդդիմությունը, որին կառավարել իշխանությունը դժվարանում է:

Բարեբախտաբար, օրական մեկ միլիոն բարել նավթ արդյունահանող Ադրբեջանը պարտավորություններ ունի: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով Միջերկրականի տարածաշրջան նավթ արտահանող Ադրբեջանը, ենթադրաբար, կդառնա նաեւ Եվրոպայի հովանավորությամբ իրականացվելիք «Nabucco» գազամուղի նախագծի խաչմերուկը: Ազգային բարեկեցության հիմնադրամը, որն այս տարի նավթի վաճառքից ստանալու է 30 միլիարդ դոլար, ֆինանսավորում է ենթակառուցվածքները եւ ադրբեջանցի երիտասարդների ուսումն օտարերկրյա համալսարաններում: Վերադառնալով հայրենիք` նրանք ամենագնացով նվաճում են հայրենի ծովափը:

Այդ ամենին զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրվում է միապետական նկրտումների մեջ: Նրա հոր դիմանկարով պաստառները փակցված են Բաքվի փողոցներում: Ամենաակտիվ ընդդիմադիր լրագրողներից մեկը` Իդրակ Աբասովն ասում է, որ մարդու իրավունքների ոտնահարումները գնալով ահագնանում են: Վերջին շրջանում ռեժիմը ընկրկում է Եվրոպայի առջեւ եւ որոշակի զիջումների է գնում: Սակայն նախկինի նման, վճռականորեն է տրամադրված «ադրբեջանական մոդելը» պահպանելու հարցում: