Տաջիկստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղրղըզստանի մի խումբ զինծառայողների եւ քաղաքացիների դեմ՝ ագրեսիվ պատերազմ վարելու դեպքի առթիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ գործը հարուցվել է ապրիլի 29-ին Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 395 հոդվածի 2-րդ մասի («Սանձազերծում կամ ագրեսիվ պատերազմ») եւ 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Երկու կամ ավել անձանց սպանություն, այդ թվում՝ նրանց ծառայողական գործունեության իրականացման հետ կապված): 

Հաղորդվում է նաեւ, որ հետաքննության համար քննչական-օպերատիվ խումբ է ստեղծվել: Մայիսի 3-ի առավոտյան Ղրղըզստանն ու Տաջիկստանն ավարտեցին սահմանից իրենց ստորաբաժանումները հետ կանչելու գործընթացը:

Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել էր, որ երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է Տաջիկստանի հետ հակամարտության պատճառով: Այս կապակցությամբ նա առաջարկել էր հանձնաժողով ստեղծել, որը կօգնի խաղաղություն պահպանել:

«Գոլովնոյ» ջրաբաշխման կետի տարածքում Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանի վիճելի հատվածում մարտերը սկսվել էին ապրիլի 29-ի ցերեկը եւ շուտով վերաճել էին Ղրղըզստանի բնակչության ջարդերի: Հակամարտության մեկնարկի պատճառը տաջիկական կողմից տեսախցիկի տեղադրումն էր ջրաբաշխիչի կողքին: Տաջիկստանը զոհերի մասին պաշտոնական վիճակագրություն դեռ չի տրամադրել, Ղրղզստանը հայտնում է, որ Տաջիկստանի հետ հակամարտության արդյունքում տուժածների թիվը հասել է 183-ի, որից 34 մարդ մահացել է: