Մեր երկրի սահմաններին անվտանգության հետ կապված խնդիրներ կան: Այս մասին մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, այժմ անկախ խորհրդարանական Թագուհի Թովմասյանը:

Ըստ նրա՝ հենց Ղարաբաղն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը եւ ոչ թե հակառակը: Պատգամավորը նշեց, որ հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատասխանը սահմանի անվտանգության մասին հարցին իր մոտ մտահոգություն առաջացրեց: «Փաստորեն ստացվում է, որ ինչ-որ աշխատանք է տարվում, որը մեզ համար տեսանելի չէ, ինձ համար տեսանելի չէ: Մենք արագ կազմեցինք առաջնագիծը, որը դեռ նույն վիճակում է, եւ վեց ամսվա ընթացքում, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքն աննկատ է տարվում»,- ասաց խորհրդարանականը: