«ԴիջիԹեք» բիզնես ֆորումը տեղի կունենա հունիսի 24-25-ին` Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա:
«Իրավիճակը էապես փոխելու եւ երկրի տնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,-նշված է Կ. Վարդանյանի խոսքում։
Նշենք, որ «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի մուտքը կլինի միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով: Տոմսերի արժեքը 6000 դրամ է: Տոմսեր գնած այցելուները հնարավորություն կունենան նաեւ մասնակցել խաղարկությանը, որի շրջանակներում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության` «ԱրմենՏել»-ի կողմից հաղթողին կշնորհվի Samsung հեռախոս եւ «Hi-Line» ինտերնետ-ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից` Wireless Desktop 800 (անլար մկնիկ, ստեղնաշար):
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին զուգահեռ կանցկացվի նաեւ «Մայքրոսոֆթ Ինովացիոն» ֆորումը։
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ընթացքում «ԱրմենՏել» եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունները կներկայացնեն «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները:
Ֆորումի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:




























