Տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված հարցումների արդյունքներով, Հայաստանում նվազել է 2011 թ. գործարար միջավայրի ինդեքսը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 96 տոկոս, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ` 94.2 տոկոս: Նշենք, որ գործարար միջավայրի ինդեքսը արտահայտում է ռիսկերն ու ընդհանուր տնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատականները:

Ի տարբերություն գործարար միջավայրի ինդեքսի, աճել է տնտեսական ակտիվության ինդեքսը, որն արտահայտում է կազմակերպությունների սպասումները արտադրանքի թողարկման, պահանջարկի կամ պաշարների վերաբերյալ: Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 128.3 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ` 106.3 տոկոս:

Այսպիսով` 2011 թ. առաջին եռամսյակում հայ գործարարները հիմնականում բացասաբար են գնահատել ստեղծված իրավիճակը, սակայն կուտակել են լավատեսության մեծ պաշար: