Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «պարզունակ աղավաղում» է անվանել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշողլուի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ եւ այդ մասին իբր թե բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը նաեւ հաստատվել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Այս մասին Է. Նալբանդյանը հայտարարել է այսօր` հունիսի 22-ին Ստրասբուրգում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխըմբռնմամբ, այն փոխհասկացուղությամբ, որ այդ կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ հենց այդ պատճառով ստորագրված արձանագրություններում չկա որեւէ նախապայման:
Արձանագրությունների ստորագրմանը ներկա բոլոր արտգործնախարարները բազմիցս կոչ են արել առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել պայմանավորվածությունները:
Հիշեցնեմ նաեւ պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն իր ճանապարհն անցել է, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, որը եւ պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները:
Այնպես որ չեմ կարծում, թե տեղին է ապարդյուն փորձեր կատարել պատասխանատվությունը այլ կողմի վրա դնելու իմաստով»,- ընդգծել է նա:




























