Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն են հայտարարել, որ չեն կարծում, թե ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթակոմիտեի վերակենդանացումը կարող է օգտակար լինել կարգավորման գործընթացի համար: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է այսօր` հունիսի 22-ին Ստրասբուրգում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Երբ մի բան ստեղծում ես կամ վերակենդանացնում ես, պետք է մտածես, թե ինչ օգուտ է տվել այդ կառույցը: Իսկ տվե՞լ է արդյոք օգուտ: Չեմ կարծում, որ ժամանակին երբ գործում էր, օգուտ է տվել: Հիմա գլխավորը որ վնաս չտա»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե ենթահանձնաժողովը այնուամենայնիվ իր գործունեությունը ծավալել է առանց հայկական պատվիրակության մասնակցության, Է. Նալբանդյանն արձագանքել է. «Կարիք չկա փոխել կարգավորման գործընթացի ձեւաչափը: Բանակցությունները եւ կարգավորման գործընթացը գնում են Մինսկի խմբի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ եւ հատկապես Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ: Գիտեք թե վերջին շրջանում ինչքան մեծ ներդրում է կատարել Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը եւ իր նախաձեռնությամբ եւ ներկայությամբ է կայանալու նաեւ Կազանի հանդիպումը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԼՂ հարցով ենթահանձնաժողովի որոշումները որքանո՞վ կարող են լեգիտիմ լինել, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Այդ հանձնաժողովը ինչ-որ լիազորություններ չունի, որպեսզի ինչ-որ պարտադիր ուժ ունեցող որոշումներ կայացնի»:



























