Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 22-ին ընդունել է Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ Վատիկանի հետ ձեւավորվել են այնպիսի հարաբերություններ, որոնցով կարելի է միայն հպարտանալ, քանզի դրանց հիմքում ընդհանուր քրիստոնեական արժեքներն են:
Կարդինալ Ռավասին նշել է, որ մշակութային երկխոսությունը եւ մշակութային ժառանգության պահպանությունը կարեւոր նշանակություն ունեն Վատիկանի համար: Այդ համատեքստում Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահը բարձր է գնահատել ՀՀ մշակույթի նախարարության հետ ձեւավորված համագործակցության մակարդակը:
Այնուհետեւ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն ժամանակակից աշխարհում քրիստոնեական արժեքների նշանակության ու կարեւորության մասին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիանֆրանկո Ռավասիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ձեւավորված արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաեւ նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը համատեղ ցուցահանդեսների, հոգեւոր երաժշտության համերգների ու այլ ձեւաչափերով: Զրուցակիցները շեշտել են մշակութային համագործակցության կարեւորությունը թե՛ անցյալի պատմական ժառանգության պահպանության, թե՛ մշակութային փոխճանաչողության առումով:
Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կարդինալ Ռավասին կկարողանա ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, եւ ծրագրված հանդիպումները կունենան գործնական շարունակություն:




























