Սեւանա լճում հանգիստ նախընտրողները հուլիսի 2-ից հնարավորություն կունենան օգտվել Սեւան-Քանաքեռ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքի ծառայություններից, այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հարավկովկասյան երկաթուղիների մամուլի ծառայությունից: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղեւորվելու է մինչեւ Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ մինչեւ Շորժա:

Մինչեւ Ծովագյուղ գնացքը Սեւան կայարանից մեկնելու է 6-ին, ժամանում Քանաքեռ կայարան՝ 8:03-ին: Երեւանի Քանաքեռ կայարանից գնացքը մեկնելու է ժամը 8:30-ին եւ հասնելու է Ծովագյուղ ժամը 10:46: Ծովագյուղից գնացքը ուղեւորվելու է Երեւան ժամը 17:55-ին, հասնելով Քանաքեռ կայարան ժամը 20:27-ին, իսկ Սեւան կայարան՝ 22:37-ին:

Սեւան-Քանաքեռ-Շորժա գնացքը մեկնելու է Սեւան կայարանից շաբաթ եւ կիրակի օրերին՝ 6-ին, ժամանելով Քանաքեռ կայարան ժամը 8:03 եւ հասնելով Շորժա ժամը 11:40-ին: Շորժա կայարանից գնացքը ուղեւորվելու է Քանաքեռ ժամը 17:00-ին, հասնելով Երեւան ժամը 20:27, իսկ Սեւան՝ 22:37-ին: