Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել իր ենթակայության տակ գտնվող ԴԱՀԿ ծառայության ծառայողական մեքենաների թիվն ավելացնելու մասին որոշում: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

Առաջարկության իմաստն այն է, որ ԴԱՀԿ-ի ծառայողական մեքենաների թիվը հասցվի 35-ի` ներկայիս 23-ի փոխարեն: Նշենք, որ ԴԱՀԿ ծառայողական մեքենաների թվաքանակը մինչեւ 2010 թ. եղել է 13-ը, սակայն անցյալ տարի Համաշխարհային բանկի վարկի հաշվին նրանց հատկացվեց եւս 10-ը: Հիմա, փաստորեն, առաջարկվում է եւս 12 մեքենա ձեռք բերելու հնարավորություն տալ:

Արդարադատության նախարարությունը դա պայմանավորում է ԴԱՀԿ-ի աշխատանքների ծավալի եւ աշխատողների թվաքանակի աճով: Մասնավորապես` 2000 թ. համեմատ 2010 թ. կատարողական թերթերի քանակն աճել է մոտ 3 անգամ եւ կազմել է 145 հազ. հատ:

Հետաքրքիր է, որ ֆինանսների նախարարությունը ոչ միայն առարկել է գումար հատկացնել նոր ավտոմեքենաների ձեռք բերման համար, այլեւ պահանջել է, որ այդ ավտոմեքենաների պահպանման ծախսը նույնպես չիրականացվի բյուջեով: Արդարադատության նախարարությունը ստիպված է եղել ընդունել առարկությունը` ավտոմեքենաները ձեռք կբերվեն եւ կպահպանվեն ծառայության արտաբյուջեի հաշվին: