Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ԵՄ Արեւելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի ներքո գործող առեւտրի աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ  ՏՄՊՊՀ միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Լեւոն Զաքարյանը: Նա մասնակիցներին ներկայացրել է «Մրցակցային օրենսդրության բարելավման Հայաստանյան փորձի» վերաբերյալ զեկույցը:  Զեկույցում Լ. Զաքարյանը մանրամասն ներկայացրել է  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն ու Հանձնաժողովի 2010-2012 թվականների ռազմավարական ծրագրի հիմնադրույթները:

ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցչին առավելապես հետաքրքրել է ՏՄՊՊՀ-ի կողմից գրանցամատյանի (ռեեստր) վարման կարգի հետ կապված փոփոխությունը: Հիշեցնենք, որ օրենսդրական նոր փոփոխություններով այսուհետ որպես գերիշխող խիստ պատասխանատվության կենթակվեն չարաշահում թույլ տված այն  տնտեսվարողները, որոնք թեեւ գրանցված չեն ռեեստրում, սակայն Հանձնաժողովի դիտարկմամբ ունեն շուկայական իշխանություն: ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցիչը հավանության է արժանացրել օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը: