ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մոտ ժամանակներս բեկում չի լինի: Այս մասին ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում ասել է Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժմանինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Բորիս Կագարլիցկին:
«Հնարավոր է, միայն կարգավորել բանակցային գործընթացն այնպես, որպեսզի այն ֆորմալ, անվանականից, վերջապես, անցնի իրականի: Միջազգային հանրությունը ելնում է Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներից եւ նախընտրում է, որպեսզի պետական սահմանների մասին հարցերը լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով: Միջազգային հանրությունը չի պաշտպանում սահմանների փոփոխումը, ինչը կցանկանար Հայաստանը եւ որի կտրականապես դեմ կլիներ Ադրբեջանը: Հետեւաբար, հարցը դրված է այսպես. Պետք է վերադառնալ միջազգային ճանաչված սահմաններին, ինչը ենթադրում է զիջումներ հայկական կողմից ու ես դեռ լավ չեմ հասկանում, թե ինչպես է դա հնարավոր անել»,- ասել է նա:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, քաղաքագետն ընդգծել է, որ մոտ ապագայում խնդիրը հնարավոր չի լինելու լուծել այդ եղանակով:
«Ռազմական ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ Ադրբեջանի, սակայն քանի որ իրադարձությունների խաղաղ զարգացումն աշխատում է Բաքվի օգտին, ակնհայտ չէ, որ ռազմական գործողությունները կտրուկ կբարելավեն իրավիճակն Ադրբեջանի համար»,- նշել է Կագարլիցկին, հավելելով, որ եթե Ադրբեջանը ոչինչ չի ստանում բանակցային գործընթացից եւ այդ ընթացքում նրա տնտեսական ու ռազմական պոտենցիալն աճում է, ապա «շատ տրամաբանական է», որ նա ի վերջո, ինչ-որ պահի կդիմի ռազմական լուծման:
Այդ համատեքստում ռուս փորձագետը նշել է, որ «Ադրբեջանի համար ցանկալի կլինի Հայաստանի նկատմամբ կիրառել մտրակի եւ քաղցրաբլիթի մարտավարություն»:
«Բայց ստացվել է այնպես, որ մտրակ կիրառել խորհուրդ չի տալիս միջազգային հանրությունը, իսկ ինչ վերաբերում է քաղցրաբլիթին, ապա այնքան էլ պարզ չէ, թե ինչը կարող է քաղցրբլիթ լինել Հայաստանի համար: Եթե Երեւանը համաձայներ տարածքների վերադարձին, այսրոպեական տնտեսական շահերին` Բաքվի հետ համատեղ նախագծերում ներգրավվելով, դա կարելի կլիներ խնդրի լուծում համարել: Բայց այսօր Բաքվի համար նման շահավետ նախագծեր չկան»,- ամփոփել է ռուսաստանցի քաղաքագետը:




























