Իրանը հավասարակշռված, հանգիստ քաղաքականություն է վարում հարավկովկասյան պետությունների նկատմամբ: Այդ մասին ասել է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը դաշնակի՞ց է, որը պետք է Հայաստանին` հաշվի անելով իսլամական այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության լարված վերաբերմունքը:
«Գործընկերն այս դեպքում ավելի հստակ բառ է: Դաշնակիցը բոլորովին այլ հասկացություն է, այն որոշակի քաղաքական պարտականություններ է ենթադրում միմյան հանդեպ»,- հստակեցրել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով, Իրանի դերը «չափազանց» հետաքրքիր է: «Ինչ էլ որ ասեն Իրանի մասին, ինչպիսի տպավորություն էլ նա թողնի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, պետք է արժանին մատուցել, նա շատ հավասարակշռված, հանգիստ քաղաքականություն է վարում հարավկովկասյան պետությունների նկատմամբ: Վերջին 20 տարում պահպանվում է նման չեզոք հարաբերությունը: Ես դեռ ոչ մի անգամ չեմ տեսել հավասարակշռությունը խախտելու որեւէ փորձ, ի տարբերություն Թուրքիայի, որն իրեն ավելի անհանգիստ է պահում»,- նկատել է Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի նախկին նախագահի կարծիքով, Թուրքիային «մի պահ շատ ոգեւորել էր Խորհրդային Միության փլուզումը»:
«Նրանք մտածում էին, որ վակուում էր առաջացել Հարավային Կովկասում, եւ այդ վակուումը պետք է լցնել: Իրանի կողմից նման բան չի եղել: Ադրբեջանի հետ ունենալով ընդհանուր մշակութային-կրոնական կապեր` Իրանին հաջողվում է միաժամանակ նորմալ կապեր ունենալ Հայաստանի հետ` չնեղացնելով Ադրբեջանին: Ես կարող եմ հստակ ասել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկին Իրանի կողմից ռազմական օգնության մասին խոսք լինել չի կարող: Ինչպես էլ Իրանն իրեն պահին արտաքին աշխարհի հետ, Հայաստանի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ խնդիրներ չի ունեցել: Որքան ես կարող եմ դատել, նույնն է նաեւ Միջին Ասիայի հետ»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Հարցին, թե արդյոք Իրանն ավանդական երրորդ բեւե՞ռն է Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, Տեր-Պետրոսյանը պատասխանել է, թե անգամ Թուրքիան այսօր ինչ-որ գործոն չէ: «Հարավային Կովկասի միակ խաղացողը Ռուսաստանն է: Թուրքիան ձգտում է, բայց իր ձգտումները չի հավասարեցնում իրական հնարավորությունների հետ, իսկ Իրանը գիտակցաբար չի գնում դրան»,- նշել է Տեր-Պետրոսյանը:




























