Կառավարությունն այսօր` հունիսի 23-ին հավանություն տվեց «Էկոտոմատո» ՓԲԸ-ին ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տալու որոշմանը։ Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում հիմնել վարդերի ջերմոցային տնտեսություն, որը կիրառելու է հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները։

Նախատեսվում է կատարել մոտ 2 մլրդ դրամի ներդրում, ստեղծել մոտ 30 աշխատատեղ։ «Սա թվով 17-րդ որոշումն է, որով մենք հավանություն ենք տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին։ Արդյունքում ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այս պահի դրությամբ, արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ եւ ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 1700 աշխատատեղ»,- այս առթիվ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը նմանատիպ արտոնություն տվեց «Գոլդն գրեյփ Արմաս» ՍՊԸ-ին: Ընկերությունը ծրագրել է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման եւ մշակման, գինու եւ կոնյակի արտադրություն, ինչպես նաեւ ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ։ Արդեն ցանկապատվել է ամբողջ տարածքը, ձեռք է բերվել 15 միավոր գյուղտեխնիկա, տնկվել են մոտ 90 հազար խաղողի վազ եւ մոտ 7,5 հազար պտղատու ծառ։ Ընդհանուր առմամբ ներդրվելու է 6,2 մլրդ դրամ, ստեղծվելու է մոտ 80 նոր աշխատատեղ: