Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրած անկախ թեկնածու Հաթիփ Դիջլեյին պատգամավոր չգրանցելու փաստը լուրջ սկանադալի տեղիք է տվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից ընտրություններում առաջադրված անկախ թեկնածուները Դիարբեքիրում կայացած արտակարգ ժողովից հետո հայտարարություն են տարածել, որի մեջ նշվել է, որ իրենք հրաժարվում են մտնել խորհրդարան։ Իրենց քայլն, ընտրված պատգամավորները բացատրել են Հաթիփ Դիջլեյի նկատմամբ կիրառված վետոյով:
Քրդական կուսակցության կողմից աջակցված պատգամավորները հաշվի են առել քուրդ քաղաքական գործիչների «Ժողովրդավարական հասարակության միություն»-ի (DTK) կոչը եւ հրաժարվել իրենց մանդատներից:
Հայտարարության մեջ նշվել է, որ իրենք չեն մտնի խորհրդարան, մինչեւ խորհրդարանն ու իշխանությունը չլուծեն այս անարդարությունն ու բացեն ժողովրդավարական քաղաքականության դռները:
Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի փոխնախագահ Թուրան Քարաքայան 7 ժամ տեւած քննարկումներից հետո հայտնել էր, թե Հաթիփ Դիջլեին պատգամավոր չեն գրանցել, քանի որ նա նախկինում 1 տարի 8 ամիս դատվածություն է ունեցել:
Քուրդ քաղաքական գործիչների «Ժողովրդավարական հասարակության միություն»-ը (DTK) խիստ է արձագանքել Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի որոշմանը եւ պնդել, թե այդ որոշման մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել իշխանությունը։
DTK-ն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, որի ավարտից հետո հայտարարություն է տարածել՝ սպառնալով, որ այս որոշման հետեւանքով սկսվելիք քաոսի պատասխանատուն է լինելու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։
Հայտարարության մեջ իշխող կուսակցությանն ու գլխավոր ընդդիմությանը կոչ է արվել որոշումը հետ կանչելու համար շտապ քայլեր ձեռնարկել, իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ ժողով հրավիրել եւ իր լուր աշխարհի հայտարարել, որ հրաժարվում են առանց Հաթիփ Դիջլեյի մտնել խորհրդարան։




























