Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն այսօր` հունիսի 23-ին հայտարարել է, որ իր երկիրն առաջիկա 5 տարում դուրս կբերի զորքերն Աֆղանստանից: Ինչպես գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով BBC-ն, ներկա պահին զորքերի դուրս բերման հստակ պլան չկա, սակայն զորքերը պետք է հայրենիք վերադառնան մինչեւ 2015-ին նախատեսված հաջորդ ընտրությունները:

Ներկայումս միջազգային կոալիցիայի հրամանատարության ներքո Աֆղանստանում է գտնվում 9500 բրիտանացի զինվորական:

Հիշեցնենք, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հասնել նրան, որ շուտափույթ ավարտվեն ՆԱՏՕ-ի գործողություններն Աֆղանստանում: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակեցնի Աֆղանստանում իր առաքելության ժամկետները: Լեհաստանի վարչապետը նշել է նաեւ, որ մտադիր է այդ հարցը բարձրացնել նոյեմբերին Դաշինքի լիսաբոնյան հանդիպման ժամանակ: