ԱՄՆ նախագահ Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում վերջին լարվածության կապակցությամբ եւ շեշտել է, որ չգծանշված սահմանի մոտ զինվորականների տեղաշարժն անպատասխանատու եւ սադրիչ է»:

ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ողջունել է երկու կողմերի միջեւ ընթացող հաղորդակցությունը եւ երկու առաջնորդների հանձնառությունը խնդրի խաղաղ կարգավորմանը:

Բացի այդ, Սալիվանն «ընդգծել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական բանակցություններ վարեն իրենց միջազգային սահմանի գծանշման շուրջ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Սալիվանը շեշտել է «ԱՄՆ-ի հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում», ինչպես նաեւ` «տարածաշրջանային հաշտեցմանը հասնելուն երկկողմ շփումների միջոցով եւ որպես Մինսկի խմբի»` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության համանախագահ: