Կազանում կայանալիք հանդիպման նախաշեմին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
ԱՄՆ նախագահը հաստատել է այն դրույթները, որոնք արտահայտված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հայտարարությունում, եւ նշել, որ հակամարտության բոլոր կողմերի համար ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Նախագահ Օբաման երկու երկրների ղեկավարներին խորհուրդ է տվել Կազանում ՌԴ նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ կայանալիք հանդիպմանն ավարտել եւ հավանության արժանացնել հիմնարար սկզբունքները:
«Հենց հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, կողմերը կկարողանան սկսել բանակցությունները վերջնական կարգավորման ուղղությամբ` Հելսինկյան սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ու իրավահավասարության հիման վրա», -նշվում է հողորդագրությունում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հիմա հակամարտության լուծման եւ Հայաստանում ու Ադրբեջանում ժողովուրդներին ու նրանց սերունդներին լավ ապագա առաջարկելու իսկական ժամանակն է: Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել ինչպես երկու երկրների առաջնորդներին, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահներին` տարածաշրջանում բարգավաճման եւ անվտանգության առաջխաղացման ուղղությամբ նրանց կարեւոր ջանքերում:




























