Սիրիայի ղեկավարության դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը ուժի մեջ է մտել հունիսի 24-ին, ԵՄ համապատասխան որոշումը հրապարակվել էպաշտոնական Official Journal of the European Union հանդեսի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր փաթեթը ընդլայնում է այսպես կոչված «սահմանափակող միջոցները»: Ցանկում ընդգրկված են չորս սիրիական ընկերություններ, որոնք կապված են երկրի ուժային կառույցների հետ, նաեւ յոթ պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն են կրում բնակչության հանդեպ կիրառած բռնությունների համար: Այդ պաշտոնյաների թվում են Սիրիայի նախագահի զարմիկներ Զուլիմա Շալիշը եւ Ռույադ Շալիշը: Նրանց արգելվել է մուտք գործել ԵՄ երկրներ, իսկ ֆինանսական ակտիվները սառեցվել են:
Սիրիական ցանկում ընդգրկված են նաեւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին եւ նրա երկու տեղակալները, որոնք հատուկ միջոցներ են հատկացրել Սիրիայի իշխանություններին` հուզումները ճնշելու համար:




























