Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ պատվիրակության կազմում են Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը եւ Արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանը:
Իրանում գտնվելու ընթացքում Արթուր Բաղդասարյանը կմասնակցի Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես կգա «Ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնախնդիրները» թեմայով ելույթով: Նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:




























