Ուրբաթ կգումարվի Լիբանանի խորհրդարանը՝ քննարկելու նախագահի նամակը, որում ասվում է, որ վարչապետ նշանակված Սաադ ալ Հարիրին ի վիճակի չէ կառավարություն ձեւավորել, որը կարողանար երկիրը դուրս բերել ֆինանսական ճգնաժամից, տեղեկացնում է Reuters-ը։

Լիբանանի ներկայիս կառավարությունը ժամանակավոր է՝ այն բանից հետո, երբ հրաժարական տվեց անցած տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո։

«Ակնհայտ է դարձել, որ նշանակված վարչապետն ի վիճակի չէ ձեւավորել կառավարություն, որը կկարողանա փրկել երկիրը եւ կառուցողական շփումներ հաստատել օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների, միջազգային հիմնադրամների եւ դոնոր պետությունների հետ»,- իր նամակում գրել է նախագահ, մարոնի քրիստոնյա Միշել Աունը։

Հարիրին գլխավորել է նախկին մի քանի կառավարությունները, 2020թ. հոկտեմբերին նրան խնդրել են նոր կառավարություն ձեւավորել այն բանից հետո, երբ նշանակված նախորդ վարչապետը մի քանի փորձերից հետո չէր կարողացել կազմավորել տեխնոկրատների կառավարություն։

Արեւմտյան եւ Ֆրանսիայի գլխավորած մյուս դոնորները հայտարարել են, որ Լիբանանը պետք է ձեւավորի տեխնոկրատների կենսունակ կառավարություն՝ երկրին աջակցություն ցուցաբերելու համար իրենց կողմից միջոցներ տրամադրելուց առաջ։ Բանակցություններն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաջողությամբ չեն պսակվել։