Հաջորդ ամսվա գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է հստակ հայտարարեն արժեքներին եւ կանոններին հավատարմության մասին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նրբանկատորեն ակնարկելով Թուրքիայի վարքագծին դաշինքի շրջանակներում, հայտնում է AP-ն:
Փարիզում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ միասին լրագրողների հետ զրույցում Մակրոնն ասել է, որ առաջնորդները, այդ թվում` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին պետք է բաց քննարկեն «համախմբվածությունը»: «Դա նշանակում է, որ մենք պետք է հստակորեն հասկանանք այն արժեքները, սկզբունքներն ու կանոնները, որոնք ընկած են մեր Դաշինքի հիմքում»,- ասել է Մակրոնը: «Դաշնակիցների միջեւ համերաշխությունը պարզապես խոսքեր չեն: Այն պարտականություններ, միմյանց նկատմամբ պատասխանատվություն է ենթադրում: Դա յուրաքանչյուր դաշնակցի՝ միջազգային իրավունքը հարգելու պարտավորություն եւ վարվելակերպի հստակ կանոններ է ներառում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ երկրների համար կարեւոր է չկենտրոնանալ «ազգային արժեքների վրա, որոնք հակասում են մյուս դաշնակիցների անվտանգությանը, ինչպես դա եղել է վերջին տարիներին Սիրիայում, Արեւելյան Միջերկրածովում, Լիբիայում, Կովկասում»:





























