Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտնել է Պաղեստինի դիմադրության ուժերին Իրանի` ցանկացած ոլորտում ցանկացած օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, գրում է Tasnim news-ը:
Այս մասին ԻՊԿ-ի հրամանատարը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի եւ Իսլամական ջիհադի դիմադրության շարժումների ղեկավարներ Իսմայիլ Հանիայի եւ Զիյադ ալ-Նահալի հետ հեռախոսազրույցների ընթացքում: Ալ-Նահալի հետ զրույցի ընթացքում գեներալ-մայոր Սալամին շեշտել է, որ ԻՊԿ-ն «երբեք չի լքի պաղեստինցի ժողովրդին»:
Հանիեյի հետ զրույցում գեներալ-մայոր Սալամին բարձր է գնահատել պաղեստինյան դիմադրության խմբերի վերջին ձեռքբերումը` ասելով. «Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում ամեն տեսակի օգնություն ցուցաբերել Պաղեստինի ժողովրդին եւ դիմադրության ուժերին եւ ջանք չի խնայի այս հարցում»: Հանիյան, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի հաստատուն դիրքորոշումը Պաղեստինի իրավունքների նկատմամբ: «Մարտի դաշտում ուժերի հավասարակշռությունը փոխվել է, եւ Պաղեստինի ժողովուրդն ամբողջ երկրում եւ նույնիսկ արտերկրում մերժել է օկուպացիան եւ դրա քաղաքականությունն ու գործողությունները»,- ասել է նա:





























