ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Փիթեր Բաունեսը կարծում է, որ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպը եւ Nexta Telegram հեռուստաալիքի հիմնադիրներից մեկի` Ռոման Պրոտասեւիչի ձերբակալումը «թույլատրելիի սահմաններից վեր են»: Այս մասին նա երկուշաբթի գրել է Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Բաունեսի` Բելառուսի իշխանությունների «աղաղակող, անխոհեմ եւ վտանգավոր գործողությունները», որոնք ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել, «դուրս են թույլատրելիի սահմաններից»: «Դրանք ոչ միայն անհարկի վտանգել են ինքնաթիռում գտնվող մոտ 200 մարդու կյանքը, այլեւ կարող էին խախտել 1944 թվականի Չիկագոյի միջազգային ավիացիայի կոնվենցիան»,- ասել է նա:
Ըստ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի` այն, որ արդյունքում Պրոտասեւիչը ձերբակալվել է, «լուրջ մտահոգություն է առաջացնում Բելառուսում ԶԼՄ-ների ազատության կապակցությամբ»: Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել Պրոտասեւիչին եւ «վճռական միջազգային արձագանք» տալ հանրապետության գործողություններին: Միջադեպը «հստակ ապացույց է այն բանի, որ [բելառուսական] կառավարությունը պատրաստ է արհամարհել միջազգային կարծիքը՝ ձգտելով իր միակ նպատակին` վերացնել ընդդիմությունը եւ պահել իշխանությունը»,- գրել է Բաունեսը:





























