Հայաստանում առաջիկայում կտեղծվեն երեք ազատ տնտեսական գոտիներ, ինչին նպաստում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի ընդունումը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ազատ տնտեսական գոտիներից առաջինը լինելու է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Դա գյուղատնտեսական ուղղվածության տնտեսական գոտին է, այստեղ աշխատանքներևն իրականացնում է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը: Արդեն պատրաստ են ագրոտերմինալները եւ սառցարանային համալիրը:

Երկրորդ գոտին կստեղծվի «Մարս» գործարանի հիման վրա, որի շուրջ բանակցությունները «Սիտրոնիքս» ընկերության հետ գտնվում են վերջնական փուլում: Նախարարը խոստացավ, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ավելի կոնկրետ տեղեկատվություն կտրամադրի այս բանակցությունների արդյունքների մասին:

Երրորդը կլինի բարձր տեխնոլոգիաների ազատ տնտեսական գոտին: Նախարարը նաեւ խոստացավ չմոռանալ Գյումրու «բազմաչարչար» տեխնոպարկի մասին:

«Ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործում պետք է զգուշավոր լինենք, որպեսզի չխարխլենք ձեւավորված հարկային եւ մաքսային դաշտը: Եթե սրանք հաջողված ծրագրեր լինեն, ապա կընդլայնենք դաշտը»,- ասաց Տ. Դավթյանը: